
Կառավարությունը կվճարի Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի շարք ընտանիքների հիփոթեքները
ՀՀ կառավարությունը հաստատել է Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքների աջակցության ծրագիրը, որոնց հարազատները զոհվել են կամ համարվում են անհայտ կորած 2020 թվականի պատերազմում։
Այդ ընտանիքներից շատերը Հայաստանում բնակարաններ են գնել «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի միջոցով՝ հիփոթեքային վարկով։ Սակայն 2023-ի սեպտեմբերից սկսած՝ նրանք չեն կարողացել վճարել վարկերի ամսական մարումները, ինչի հետևանքով առաջացել է գույքի բռնագանձման վտանգ։
Կառավարության որոշմամբ՝ այս ընտանիքների հիփոթեքային վարկերը (մայր գումարն ու տոկոսները) կվճարվեն պետական բյուջեի միջոցներով՝ ըստ սահմանված ժամանակացույցի։ Այն շահառուները, որոնք դեռևս ՀՀ քաղաքացիություն չունեն, կսկսեն օգտվել ծրագրից քաղաքացիություն ստանալուց հետո։
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվարկների՝ ընդհանուր վարկային պարտավորությունները կազմում են շուրջ 2,7 միլիարդ դրամ։ Մինչև 2025 թվականի վերջ այդ նպատակով կպահանջվի ավելի քան 121 միլիոն դրամ, որը կտրամադրվի նախարարության բյուջեի ներքին վերաբաշխման միջոցով։