
Ավստրիայում Հայաստանի հյուպատոսը սիրային կապի միջոցով աշխատել է Ադրբեջանի համար
Արտաքին գործերի նախարարության համակարգում սկանդալային բացահայտում է եղել։ Ավստրիայում Հայաստանի հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը ձերբակալվել է՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով։ Ալեքսանյանը, ինչպես հայտնում են տարբեր աղբյուրներ, սիրային հարաբերությունների մեջ է մտել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել պետական կարևոր տեղեկություններ։ Ըստ տեղեկությունների՝ նա օգտվել է ԱԳՆ-ում ունեցած իր պաշտոնական մուտքերից և հասանելիությունից։
ԱԱԾ-ն նրան ձերբակալել է ավելի քան մեկ ամիս առաջ՝ «Զվարթնոց» օդանավակայանում, երբ վերջինս Վիեննա գործուղման էր մեկնում։ Հարցաքննության ընթացքում Ալեքսանյանը ընդունել է, որ գումար է վերցրել ադրբեջանական կողմից և չի գործել միայնակ։ Այժմ քննիչները փորձում են պարզել, թե ովքեր են եղել նրա հնարավոր գործընկերները նախարարության ներսում։ Նշվում է, որ ԱԱԾ-ն առգրավել է ԱԳՆ մի շարք աշխատակիցների համակարգիչներ։
Հատկանշական է, որ դեպքից հետո համացանցից ջնջվել են Աշխեն Ալեքսանյանի կենսագրական տվյալները, անգամ պաշտոնական տեղեկությունները նրա նշանակման վերաբերյալ։ ԱԳՆ նախկին աշխատակիցներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է, որ Ալեքսանյանը համակարգում երկար տարիներ էր։ Սկզբում աշխատել է որպես քաղծառայող, այնուհետև հյուպատոսական բաժնում, ստացել դիվանագետի կոչում, բայց վերջին տարիների գործունեության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։
Այս սկանդալը լուրջ հարցեր է բարձրացրել թե՛ ԱԳՆ ներքին վերահսկողության, թե՛ Հայաստանի ազգային անվտանգության համակարգի նկատմամբ։