
Սեպտեմբերի 1-ից մեքենա գնելն ու վաճառելը հնարավոր կլինի նաև առցանց
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում մեքենայի գնման և վաճառքի գործընթացը կդառնա շատ ավելի հեշտ։
Այն հնարավոր կլինի իրականացնել առցանց՝ առանց ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժին այցելելու։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման մասին, որի շնորհիվ մեքենայի սեփականության փոխանցման գործարքը կարելի է կատարել ցանկացած վայրից՝ ընդամենը մի քանի րոպեում։
Նոր համակարգը թույլ կտա խնայել ժամանակ և գումար, բացառել թղթաբանությունը և ազատվել երկար հերթերից։ Գործարքը սկսում է վաճառողը, իսկ այն իրականացնելու համար գնորդն ու վաճառողը պետք է ունենան վարորդական վկայական։ Երկուսն էլ անցնելու են խիստ նույնականացում «ԵսԵմ» համակարգի միջոցով՝ ապահովելով անվտանգության բարձր մակարդակ։ Գործարքի ընթացքում ինքնաշխատ կերպով կհաշվարկվեն և կներկայացվեն անհրաժեշտ հարկերն ու տուրքերը։ Մեքենայի համարանիշը չի փոփոխվելու, ուստի վաճառողը պարզապես կհանձնի մեքենան գնորդին։ Այս փուլում առցանց գործընթացը նախատեսված է միայն երկու ֆիզիկական անձանց միջև կնքվող գործարքների համար։