ՀայաստանՍոցիալական

Վարորդական քննությունը  արդեն հնարավոր կլինի վերահանձնել  հաջորդ օրը

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի քաղաքացիները վարորդական վկայականի որակավորման քննությունը չհաղթահարելու դեպքում հնարավորություն կունենան վերահանձնել այն շատ ավելի կարճ ժամկետներում։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ քաղաքացիներն առաջին անգամ անբավարար գնահատական ստանալուց հետո կարող են կրկին մասնակցել քննությանը արդեն հաջորդ օրը՝ վճարելով 45․000 դրամ, կամ երրորդ օրը՝ 30․000 դրամ։ Մինչ այժմ նման հնարավորություն չկար, և քննության նոր հերթագրումն իրականացվում էր միայն մեկ շաբաթ անց։

Նոր կարգավորումը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր կրկնակի կամ բազմակի անբավարար են ստանում։ Եթե նախկինում նրանք ստիպված էին սպասել 30 օր, ապա այժմ արագացված ծառայությունների միջոցով կարող են վերահանձնել քննությունը շատ ավելի շուտ՝ յոթերորդ օրը 45․000 դրամով կամ տասնչորսերորդ օրը 30․000 դրամով։

Նախարարությունում շեշտում են, որ այս փոփոխությունները իրականացվում են քաղաքացիների բազմաթիվ դիմումների և առաջարկությունների հիման վրա, նպատակ ունենալով գործընթացը դարձնել ավելի ճկուն և մատչելի։

Ներքին գործերի նախարարության այս նոր կարգավորումը փաստորեն զգալիորեն հեշտացնում է վարորդական քննությանը մասնակցությունը և դարձնում գործընթացը ավելի ճկուն։ Միաժամանակ կարող ենք նկատել, որ ավելի կարճ ժամկետներում վերահանձնելու համար սահմանված վճարները որոշակի բեռ են ստեղծում, հատկապես այն մարդկանց համար, ովքեր անբավարար գնահատական են ստանում մի քանի անգամ։ Հաշվի առնելով, որ նպատակը գործընթացը արագացնելն է, արդարացի կլիներ նաև հետևել, որ վճարները ևս համաչափ լինեն։

Սեդա Մարտոյան