
ՀՀ–ում էլեկտրամոբիլների լիցքավորումը կդառնա ավելի մատչելի ու հեշտ
Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորումը շուտով կդառնա ավելի պարզ և հարմար քաղաքացիների ու բիզնեսի համար։ Այս փոփոխությունը կապված է «Էներգետիկայի մասին» օրենքում նախատեսվող նոր կարգավորման հետ, որը կստեղծի հնարավորություններ առանց լրացուցիչ բաժանորդային պայմանագրի և հաշվիչի տեղադրման լիցքավորման կայաններ տեղադրելու համար։
Ներկայումս բազմաթիվ քաղաքացիներ՝ հատկապես բազմաբնակարան շենքերում ապրողներ, բախվում են լիցքավորման բարդությունների. նույնիսկ եթե անձն ունի էլեկտրամոբիլ և ցանկանում է իր ավտոտնակում տեղադրել լիցքավորման կայան, անհրաժեշտ է դիմել ՀԷՑ, ստորագրել առանձին պայմանագիր և կատարել լրացուցիչ վճարներ։ Այս գործընթացը ոչ միայն ժամանակատար է, այլև հաճախ անհրաժեշտ չի լինում, քանի որ արդեն գործող բաժանորդային համակարգը կարող է ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Նոր կարգավորումը թույլ կտա, որ ցանկացած անձ կարողանա միացնել իր արդեն գործող բաժանորդային հաշվիչը և օգտվել լիցքավորման ծառայությունից։ Բացի այդ, այն հնարավորություն կտա ընկերություններին ու տնտեսվարող սուբյեկտներին մատուցել լիցքավորման ծառայություն՝ առանց լրացուցիչ լիցենզավորման։