ՀայաստանՍոցիալական

Հայաստանում պետական գույքը անհատույց տրամադրումից անցնում է վարձակալության համակարգի․ թիրախում կարող են հայտնվել անգամ դպրոցները

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հիմնարար փոփոխություններ իրականացնել պետական գույքի կառավարման համակարգում․ անշարժ և շարժական գույքը, որը մինչ այժմ պետական կամ համայնքային մարմիններին տրամադրվել է անվճար հիմունքներով, կտրամադրվի վարձակալության հիմունքներով։ Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Նա ընդգծեց, որ սա կբարձրացնի բյուջետային ծախսերի թափանցիկությունը և կօգնի պետական գույքի արդյունավետ կառավարմանը։

Առնակ Ավետիսյանը հավելեց, որ մինչև 2027 թվականի ավարտը բոլոր պետական կազմակերպությունները պետք է վերադարձնեն իրենց նախկին անհատույց տրված գույքը, իսկ հետագայում հնարավոր կլինի վարձակալության հիմունքներով վերակնքել պայմանագիրը: Վարձակալությունը սկզբում կհաշվարկվի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, այնուհետև կանցնեն շուկայական բուն արժեքներին:

Նշենք, որ նախկինում պետական գույքը հիմնականում տրամադրվել է անվճար՝ նախարարությունների, պետական կառույցների, ՊՈԱԿ-ների և հիմնադրամների օգտագործման համար, այդ թվում՝ գրասենյակային տարածքներ, շենքեր, տեխնիկա և այլ գույք, որը հաճախ երկար տարիներ չի օգտագործվել: Պետական անհատույց գույք են համարվում նաև դպրոցները, մանկապարտեզները: