
Հայաստանում հիմնարար իրավունքների խախտման դեպքում դատարան դիմելն ավելի մատչելի կլինի
Հայաստանում քաղաքացիները, որոնց հիմնարար իրավունքները խախտվել են և նրանք դատարան են դիմում ոչ նյութական վնասի հատուցման պահանջով, այլևս ստիպված չեն լինի անմիջապես վճարել պետական տուրք։ Նման հայցերի դեպքում տուրքի վճարումը կթույլատրվի հետաձգել։ Սա նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով, որոնք հավանության են արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի խոսքով՝ փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ արդեն հաստատվել է, որ մարդու իրավունքների խախտումը տեղի է ունեցել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով։ Այսինքն՝ եթե նախաքննական մարմինը, դատախազը կամ դատարանը արձանագրել են խախտման փաստը, ապա քաղաքացին կարող է հայց ներկայացնել՝ առանց հայցադիմումի պահին պետական տուրք վճարելու։
Նախագծով հստակեցվում է, թե որ իրավունքների խախտման դեպքում է գործում այս արտոնությունը։ Խոսքը կյանքի իրավունքի, խոշտանգումից ու անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքի, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի և նմանատիպ հիմնարար իրավունքների մասին է։ Դրանք այն իրավունքներն են, որոնց խախտման դեպքում պետությունը պարտավոր է հատուցել ոչ նյութական վնաս։