
Հայաստանի բանկային գաղտնիքները այլևս գաղտնի չեն․ ինչո՞ւ է պետությունը սկսում փոխանակել մեր ֆինանսական տվյալները
Սեպտեմբերի 30-ից Հայաստանը առաջին անգամ միանալու է միջազգային համակարգին, որի միջոցով բանկային տվյալները ավտոմատ կերպով կփոխանակվեն այլ երկրների հետ։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց բանկային հաշիվներին, ովքեր համարվում են օտարերկրյա հարկային ռեզիդենտներ։ Կարճ ասած՝ եթե Հայաստանում բանկային հաշիվ ունի, ասենք, Գերմանիայի քաղաքացի, ապա Հայաստանի իշխանությունները տվյալների փոխանակման շրջանակում այդ տեղեկությունը փոխանցելու են Բեռլինին։ Իսկ փոխարենը, Հայաստանը կստանա տվյալներ այն Հայաստանի քաղաքացիների մասին, ովքեր հաշիվներ ունեն արտասահմանյան բանկերում։
Այս փուլում Հայաստանը համագործակցում է 47 երկրների հետ։ Դրանց թվում են եվրոպական պետություններ, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Հոնկոնգը, նույնիսկ որոշ օֆշորային գոտիներ։ Ադրբեջանը և Թուրքիան այս ցանկում չկան․ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն։ ՊԵԿ-ը բացատրում է․ այս մեխանիզմը թույլ է տալիս բացահայտել չհայտարարագրված եկամուտները և հարկերը գանձել ոչ միայն Հայաստանի տարածքում ստացած, այլև արտերկրում գոյացած շահույթներից։ Պարզ ասած՝ պետությունը հնարավորություն է ստանում հետևել ՀՀ քաղաքացիների «համաշխարհային եկամուտներին»։
Հայաստանի ռեզիդենտներ են համարվում նրանք, ովքեր տարվա ընթացքում առնվազն 183 օր ապրել են Հայաստանում։ Կամ ում կյանքի հիմնական կենտրոնը Հայաստանում է․ տունը, ընտանիքը, հիմնական գույքը կամ աշխատանքը։
Ռուս ռելոկանտները մտահոգված են։ Հայաստանում հաստատված Ռուսաստանի քաղաքացիները ահազանգում են․ տվյալների փոխանցումը Մոսկվային կարող է վտանգավոր լինել։ Ռուս իրավաբան Անաստասիա Բուրակովան բացատրում է․ Ռուսաստանում անգամ ամենապարզ գործարքները կարող են համարվել հանցագործություն։ Օրինակ՝ Ուկրաինայում ապրող բարեկամին գումար ուղարկելն արդեն կարող է դառնալ քրեական հետապնդման պատճառ։
Չնայած մտահոգություններին՝ եթե ռուս քաղաքացին Հայաստանում բնակվում է կես տարուց ավելի, նա արդեն համարվում է Հայաստանի ռեզիդենտ։ Այս դեպքում նրա տվյալները Ռուսաստանին չեն փոխանցվի։