
Կադաստրի կոմիտեն առաջարկում է թվայնացնել գույքի փաստաթղթերը․ արդյոք բոլորը հնարավորություն կունենան օգտվելու այս ծրագրից
Ազգային ժողովում ներկայացվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Կադաստրի կոմիտեի, ներառված է կառույցի թվային օրակարգում։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
Նրա խոսքով՝ մինչ այժմ թվային համակարգում մշակվում էին միայն իրավահաստատող փաստաթղթերը, իսկ փոփոխություններով նախատեսվում է թվայնացնել նաև ոչ իրավահաստատող փաստաթղթերը։ Անշարժ գույքի գործընթացում իրավահաստատող են այն փաստաթղթերը, որոնք ստեղծում կամ հաստատում են սեփականության իրավունքը՝ օրինակ՝ առքուվաճառքի պայմանագիր, ժառանգության վկայական, դատական ակտ։ Ոչ իրավահաստատող են օժանդակ փաստաթղթերը՝ հատակագծեր, չափագրություններ, տեղեկանքներ, անդորրագրեր, որոնք ինքնուրույն իրավական ուժ չունեն։
Թովմասյանի պարզաբանմամբ՝ գրասենյակում ներկայացրած փաստաթղթերը կտեսաներածվեն թվային համակարգում, այնուհետև քաղաքացին էլեկտրոնային ստորագրությամբ կհաստատի փաստաթղթերի ներկայացման փաստը։ Դրանից հետո թղթային տարբերակը կվերադարձվի քաղաքացուն, և պահպանվելու է միայն էլեկտրոնային տարբերակը։ Ըստ նրա՝ «սա թույլ կտա լուծել անընդհատ աճող թղթային արխիվի խնդիրը և բարձրացնել յուրաքանչյուր գույքի վերաբերյալ տվյալների որակը»։
Այդուհանդերձ, նախաձեռնությունը մի շարք հարցեր է առաջ քաշում։ Այսօր էլեկտրոնային ստորագրություն ունեն հիմնականում այն քաղաքացիները, ովքեր ակտիվորեն օգտվում են պետական ծառայությունների առցանց հարթակներից, աշխատում են այս կամ այն համակարգում կամ բիզնես ոլորտի ներկայացուցիչներն են։ Խնդիրը լուրջ է հատկապես մարզերում և տարեց քաղաքացիների մոտ, ովքեր չունեն էլեկտրոնային ստորագրություն։ Սա նշանակում է, որ քաղաքացիների մի մասը փաստացի չի կարողանա լիարժեք օգտվել համակարգից։
Հարկ է նշել նաև, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին արդեն տվել է դրական եզրակացություն։