Երևանում բացվել է «Արցախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը
Երևանի Վարշավյան փողոցում բացվել է տուն-թանգարան, որը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին։ Թանգարանի բացման մասին հայտնել է Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ երկարատև ջանքերի արդյունքում իրենց ընտանիքի կողմից ստեղծված այս անկյունը վերջապես կյանքի է կոչվել։
Չնայած բազում խոչընդոտներին՝ մենք հաղթահարեցինք ամենը։ Այս ամենը հնարավոր դարձավ սիրով, համառությամբ և մեր միասնական ուժով,– ասել է նա։
Տուն-թանգարանում ներկայացված են Ալբերտ Հովհաննիսյանի անձնական իրերը, լուսանկարները և նրան նվիրված հիշողությունները։ Այն կոչված է պահպանելու նրա հիշատակը և փոխանցելու ապագա սերունդներին նրա կյանքի պատմությունը։
Տուն-թանգարանի հասցեն է Վարշավյան փողոց, տուն 15։ Այն գործում է երեքշաբթիից մինչև շաբաթ՝ ժամը 11:00-ից 18:00-ն։ Երկուշաբթի և կիրակի օրերին թանգարանը փակ է։
Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի օրերին որպես զինծառայող կռվել է Արցախի տարբեր ճակատներում։ Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Շուշիի պաշտպանության մարտերում։
