ՀայաստանՍոցիալական

Երևանում կմեկնարկի «Գիտության շաբաթ 2025»-ը

Սեպտեմբերի 30-ին Երևանում կմեկնարկի «Գիտության շաբաթ 2025»-ը։ Միջոցառումը արդեն երկրորդ անգամ է անցկացվում և նպատակ ունի հանրությանը մոտեցնել գիտությանը։ Գլխավոր միջոցառումները տեղի կունենան Ազատության հրապարակում և կտևեն վեց օր։ Դրանց զուգահեռ տարբեր դպրոցներում ու մանկապարտեզներում նույնպես կլինեն ծրագրեր։

Կազմակերպիչների խոսքով՝ այս տարի նախատեսվում է ընդգրկել մինչև 400 դպրոց և մանկապարտեզ։ Դրանք կստանան հատուկ փաթեթներ, որոնց միջոցով երեխաները և աշակերտները կկարողանան փորձեր անել, փոքր հետազոտություններ իրականացնել։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար պատրաստված են տարբերակված ծրագրեր։

Նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ գիտությունը ոչ միայն մասնագիտական ոլորտ է, այլ նաև կյանքի տարբեր ուղղությունների հիմք՝ սկսած բնապահպանությունից մինչև անվտանգություն։

Այս տարի «Գիտության շաբաթ»-ի ծրագիրը բաժանված է երեք մասի․ առաջինում գիտական ինստիտուտները ներկայացնելու են իրենց աշխատանքը և դրա ազդեցությունը տարբեր ոլորտների վրա։ Երկրորդ մասը նվիրված է մասնագիտական կողմնորոշմանը՝ օգնելու երիտասարդներին ընտրել ապագա մասնագիտությունը։ Երրորդը կենտրոնանալու է գիտաֆանտաստիկայի վրա։

Կազմակերպիչները նշում են, որ այս միջոցառումը նախատեսված է տարբեր լսարանների համար՝ երեխաներից մինչև մեծեր։ Այդ պատճառով էլ ձևաչափերը բազմազան են լինելու՝ փորձեր, ցուցադրություններ, խաղեր և քննարկումներ։

Սեդա Մարտոյան