Հայաստանում կստեղծվի բռնությունն ուսումնասիրող արտադատարանական ինստիտուտ
Հայաստանում առաջիկայում կգործի մի նոր կառույց, որը պետք է ուսումնասիրի աշխատավայրում բռնության և ոտնձգության դեպքերը։ Սա առաջին անգամ է, որ պետությունը քայլ է անում՝ աշխատանքային միջավայրում հոգեբանական ճնշումների ու խտրականության դեմ պայքարը համակարգված դարձնելու համար։
Տեսչական մարմինը այս տարի ստացել է 15 բողոք աշխատավայրում խտրականության և հոգեբանական բռնության մասին։ Բողոքների մեծ մասը ներկայացրել են կանայք։ Առաջին անգամ տնտեսավարողներից մեկին պարտադրվել է իրականացնել օրենսդրական պահանջը և բացառել բռնության դրսևորումները կազմակերպությունում։
Այս փոփոխությունը բխում է «Բռնության և ոտնձգության մասին» միջազգային կոնվենցիայից, որը պարտադրում է ներդնել ուսումնասիրության և պատժամիջոցների գործիքակազմ։ Նոր ինստիտուտը գործելու է արտադատարանական ձևաչափով, ինչը նշանակում է՝ բռնության ենթարկվածները հնարավոր կլինի պաշտպանել առանց երկարատև դատական գործընթացի։
Իրական բռնության դեպքերը շատ ավելի շատ են, քան ցույց է տալիս վիճակագրությունը։ Շատերը չեն դիմում, քանի որ վախենում են կորցնել աշխատանքը, կամ էլ պարզապես չեն գիտակցում, որ իրենց նկատմամբ կիրառված ճնշումը հենց բռնություն է։ Սա էլ իր հերթին նպաստում է լռության և անպաշտպանության մթնոլորտի ձևավորմանը։
