
Կոնգրեսականները կոչ են անում ազատել հայ ռազմագերիներին և ապահովել բռնի տեղահանվածների վերադարձը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել փոփոխության, որը կարևոր է Հայաստանի համար։ Փոփոխությունը ներառվել է Պետդեպարտամենտի 2026 թվականի ֆինանսավորման մասին օրինագծում և նախատեսում է ԱՄՆ ակտիվ մասնակցություն մի քանի կարևոր հարցերում։
Փաստաթուղթը հանձնաժողովին ներկայացրել է Գեյբ Ամոնը։ Ըստ ընդունված ձևակերպման՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պարտավոր է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ աշխատել մի քանի ուղղությամբ․
— նպաստել հայ ռազմագերիների ազատ արձակմանը,
— ապահովել հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանությունը,
— խրախուսել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների անվտանգ վերադարձը,
— աջակցել ռազմական հակամարտության խաղաղ լուծմանը:
Ամերիկայի Հայկական Ասամբլեանն այս որոշումը որակել է կարևոր քայլ, որը կարող է ամրապնդել մարդու իրավունքների և արդարության ձայնը միջազգային հարթակներում։ Այս փոփոխությունը դեռ պետք է անցնի ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստի քվեարկությամբ։