
Արմավիրում երրորդ պաշտոնանկությունը. մարզի դատախազը ևս փոխվեց
Արմավիրի մարզի դատախազի պաշտոնը ստանձնել է Սևակ Պողոսյանը, ով մինչ այս ղեկավարում էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը։ Համապատասխան հրամանը ստորագրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա տեղակալը կլինի Անդրանիկ Վարդանյանը, որը ևս մինչ այժմ աշխատել է նույն վարչական շրջաններում՝ որպես դատախազի տեղակալ։
Այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ պաշտոնից ազատվեց Արմավիրի նախկին դատախազ Վահան Սարգսյանը։ Սա մարզում արդեն երրորդ պաշտոնանկությունն է, որն ուղեկցում է վերջին շրջանում արձանագրված ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ սպանությունների ֆոնին։
Գլխավոր դատախազը միաժամանակ մի շարք այլ նշանակումներ էլ է կատարել. Տավուշի դատախազ Արմեն Մուրադյանը տեղափոխվել է Երևան՝ ստանձնելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնը։ Արագածոտնի դատախազ Գևորգ Սարգսյանը նշանակվել է Տավուշի դատախազ։ Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ Նիկոլայ Բարսեղյանն էլ կգլխավորի Արագածոտնի դատախազությունը։