ՀայաստանՍոցիալական

Օրենքը կա, բայց հստակ մեխանիզմ չկա․ ինչպես են վերահսկելու մեքենաների աղմուկը

Հայաստանում շուտով կսկսեն տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց մեքենաների վրա տեղադրում են հավելյալ ուժեղացուցիչներ կամ խլացուցիչներ։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատեց օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խախտման համար սահմանել խիստ պատիժ․ տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով
(10 հազար դրամ), սարքավորումների բռնագրավում և վարորդի տուգանային միավորների նվազեցում (2 բալ)։

Խնդիրը միայն մեքենաների ձայնը չէ։ Օրինագծի հեղինակները նշում են, որ նման սարքավորումները ավելացնում են աղմուկը, խանգարում երթևեկությանը և խաթարում հասարակական անդորրը։ Երևանում ու մյուս քաղաքներում, որտեղ մեքենաների հոսքը մեծ է, այս երևույթը դարձել է իրական խնդիր։

Սակայն այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է կարգավորվելու այս դաշտը։ Իշխանությունը հայտարարում է, որ խախտումները կարձանագրվեն տեխնիկական զննման ժամանակ, բայց պարզ չէ՝ ինչպես է երաշխավորվելու վերահսկողության թափանցիկությունն ու արդարությունը։ Բացի այդ՝ տեխնիկական զննումները իրականացվում են տարեկան մեկ անգամ և քաղաքացիներն էլ իրենք կարող են հանել այդ ուժեղացուցչներն ու խլացուցիչները տեխզննումից առաջ, և կրկին դրանք հետ տեղադրել։

Եթե չլինեն հստակ չափանիշներ և վերահսկման վստահելի մեխանիզմներ, ապա օրենքը կարող է վերածվել պարզապես հերթական գրանցված նորմի, որը գործնականում չի կիրառվի կամ կկիրառվի ընտրովի։

Բացի այդ՝ օրինագծում չի սահմանվում որևէ դեցիբել, պարզապես նշվում է՝ մեքենայում ունես ոչ գործարանային աուդիոսարքավորում, դու ենթակա ես տուգանման։ Սակայն հարկ է նշել, որ հիմա բազմաթիվ ավտոմեքենանե գործարանային արտադրությամբ արդեն շատ բարձր ձայնով նվագարկիչներ ունեն։ Ստացվում է՝ նրանք չեն տուգանվելու, անգամ եթե ձայնը բարձր է։

Համեմատության համար կարող ենք նշել, որ մի շարք եվրոպական երկրներում այդ աշխատանքներով զբաղվում են ոստիկանները։ Բացի այդ այլ երկրներում հիմնականում գործում են հստակ դեցիբելային շեմեր։