ՀայաստանՍոցիալական

Հայտարարագրման նոր կարգ․ քանի՞ մարդ էր հայտարարագրել իր եկամուտները

Համընդհանուր հայտարարագրման նոր պարզեցումներ են մտցվում։ Մի քանի անգամ պարտադիր հայտարարագրման ժամկետը փոխարինելուց հետո կառավարությունը որոշել է ավելի պարզեցնել հայտարարարգրման կարգը։ Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ եթե քաղաքացին կարծում է՝ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի՝ որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել այդ համակարգ: Վերջնաժակետից՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել: Այս դեպքում հայտարարագիրը չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի:

Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդը գիտի, որ ունի եկամուտներ, որը ՊԵԿ-ին հասանելի չէին, և ինքը պետք է դա հայտարարագրեր: Եթե ապագայում պարզվի, որ եղել են նման եկամուտներ, և քաղաքացին չի լրացրել դրանք, ապա դրա համար արդեն, անկախ այդ համակարգից, որոշակի պատասխանատվություն կա։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ նոր համակարգը ներդրվել է աստիճանաբար։ Նախ՝ 2023-ից հայտարարագիր ներկայացրին պետական ու համայնքային ծառայողները, իսկ 2025-ից պարտադիր է լինելու բոլոր աշխատողների համար։ Այսինքն՝ եթե աշխատում ես, ստանում ես աշխատավարձ, նվիրատվություն կամ այլ եկամուտ՝ պետք է ամեն տարի դրանք մուտքագրես պետության էլեկտրոնային հարթակում։ Սեպտեմբերի դրությամբ մոտ 93 հազար մարդ արդեն լրացրել է հայտարարագիրը։ Բայց ակնկալվում է, որ իրականում հայտարարագիր պետք է ներկայացնի առնվազն 700 հազար քաղաքացի։ Այսինքն՝ առայժմ միայն 15 տոկոսն է հասցրել անել դա։

Հայտարարագիր լրացնողներն իրենց սոցիալական ծախսերից՝ կրթության կամ առողջապահության ոլորտներում, կարող են մինչև 100 հազար դրամ վերադարձ ստանալ։ Օգոստոսի դրությամբ այդպիսի փոխհատուցում ստացել է ավելի քան 43 հազար քաղաքացի՝ ընդհանուր 3.7 միլիարդ դրամի չափով։ Բայց մինչ այդ պետք է ունենալ էլեկտրոնային ստորագրություն՝ նույնականացման քարտի (ID) միջոցով։ Եվ հենց այստեղ էր առաջանում ամենամեծ խոչընդոտը։

Որպեսզի անձը կարողանար ստորագրել իր հայտարարագիրը, պետք է ունենար ID քարտ։ Իսկ դա նշանակում է դիմել ոստիկանության անձնագրային բաժին, որտեղ վերջին ամիսներին հերթերը երբեմն հասնում են օրեր շարունակ սպասելու։ Հուլիսի վերջին արդեն 43 հազար հայտ էր ներկայացվել ID քարտ ստանալու համար, դրանցից 35 հազարը՝ Երևանում։ Մարզերում իրավիճակը հանգիստ է․ Վեդիում, օրինակ, կարելի է նույն օրը ստանալ պատասխանը, իսկ Ջերմուկում երբեմն ընդամենը տասը հայտ է լինում։

ՆԳՆ-ում ասում են՝ համակարգի թողունակությունը մեծացվել է, հիմա օրական տպագրվում է մինչև 2200 քարտ՝ նախորդ տարվա 900-ի փոխարեն։ Բայց անգամ այդ ցուցանիշով պարզ էր, որ մինչև վերջնաժամկետը անհնար էր ապահովել բոլորին ID քարտերով։ Օրենքով նախատեսված է տուգանք՝ 5000 դրամ ֆիզիկական անձանց, իսկ 50 հազար՝ իրավաբանական անձնաց համար։ Սակայն ՊԵԿ նախագահն ասել է, որ եթե մարդը չի լրացրել հայտարարագիրը ID քարտ չունենալու պատճառով, չի տուգանվի։ Բայց մինչ այժմ հստակ չէ՝ ինչպես է ՊԵԿ-ը տարբերելու, թե ով իսկապես չի ունեցել ID քարտ, իսկ ով՝ պարզապես չի ցանկացել։

Արտասահմանից ստացվող եկամուտների հարկման կարգը չի փոխվել․ եթե նախկինում հարկելի էր, նույնն է նաև հիմա։ Պարզապես նոր համակարգը հնարավորություն է տալիս պետությանը տեսնել այն, ինչ նախկինում չէր երևում։

Ըստ նոր կարգի՝ մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարելի է չհայտարարագրել։ Որոշ փորձագետներ կարծում են, որ սա «բացում է ճանապարհը» փոքր կաշառքների և ստվերային գործարքների համար։

Աշխարհում համընդհանուր հայտարարագրումը գործում է տարբեր ձևերով․ ԱՄՆ-ում՝ ոչ բոլորի համար պարտադիր, Գերմանիայում ու Չեխիայում՝ միայն որոշ եկամտային շեմից բարձր ստացողների համար, Ֆրանսիայում՝ բոլորի համար, իսկ Էստոնիայում՝ ամենահեշտ տարբերակով․ պետությունն ինքն է նախապես լրացնում հայտարարագիրը, քաղաքացին պարզապես հաստատում է։