
Ձերբակալվել են երկու անհետ կորած զինծառայողների ծնողների
Սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկից հետո ոստիկանությունը ձերբակալել է անհետ կորած զինծառայողների հարազատներ Արսեն Ղուկասյանին և Ապիջան Սարգսյանին։ Նրանց կալանավորելու միջնորդությամբ գործն արդեն ուղարկվել է դատարան։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ՝ ձերբակալությունը կատարվել է ՊՆ և Ռազմական ոստիկանության ծառայողների հաղորդման հիման վրա։ Նրա խոսքով՝ հարազատների գործողություններում ոչ մի հանցավոր դրդապատճառ չի եղել, իսկ միջադեպը պարզապես ծնվել է լարվածության ֆոնին․ մարդիկ պահանջում էին պատասխան՝ որտեղ են իրենց որդիները։
Զոհված զինծառայողներից մեկի ծնողը՝ Բագրատ Ուզունյանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին Նոր Նորքի բաժանմունքից տեղափոխում են Աջափնյակի դատարան։ Նա հերքում է նաև ոստիկանության պնդումները, թե հարազատները շշեր են նետել ուժայինների ուղղությամբ։
Պատճառը ՊՆ-ի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիան էր։ Մենք ընդամենը հանդիպում էինք պահանջում պաշտպանության նախարարի խորհրդականի՝ Կամո Վարդանյանի հետ։ Բայց արդյունքում՝ մեր տղաների մասին պատասխան չստացանք, իսկ մեր մեջից երկուսը այսօր նստած են բանտի ճանապարհին։ Դրանք կարված գործեր են,– ասում է Ուզունյանը։
Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի չորրորդ տարելիցի օրը, անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին հավաքվել էին Պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ՝ հանդիպում պահանջելով Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Կամո Վարդանյանի հետ։ Նրանց խոստացել էին հանդիպում կազմակերպել սեպտեմբերի 29-ին, սակայն ժամ չէին հայտնել։ Երբ ծնողները կրկին ժամանել էին նախարարության շենքի մոտ, խոստացված հանդիպումը տեղի չունեցավ, ինչից հետո իրավիճակը լարվել էր։
Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե իրենց ծառայողները գործել են հարգալից, և որ որոշ մասնակիցներ նետել են շշեր ու այլ առարկաներ ռազմական ոստիկանների ուղղությամբ։ Սակայն հարազատները պնդում են՝ ուժայիններն էին սադրել բախումը։
Չորս տարի անց էլ անհետ կորած զինծառայողների ընտանիքները շարունակում են նույն հարցը՝ որտե՞ղ են մեր տղաները։ Պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմում զոհվել է շուրջ 3940 մարդ, իսկ 191 զինծառայող և քաղաքացիական անձ դեռ համարվում է անհետ կորած։Հարազատները ասում են՝ եթե պետությունը չկարողացավ նրանց գտնել, գոնե չպետք է ձերբակալի նրանց, ովքեր ամեն օր այդ հարցը բարձրացնում են։