Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրոյի աջակցություն
Մինչև 2027 թվականը Գերմանիան Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 152 միլիոն եվրոյի վարկեր և դրամաշնորհներ։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը։
Դեսպանի խոսքով՝ ֆինանսական աջակցությունը նպատակ ունի նպաստել Հայաստանի բնակչության բարեկեցությանը և ուղղվելու է մի շարք առաջնահերթ ոլորտների զարգացմանը։ Մասնավորապես, համագործակցությունը կներառի կանաչ տնտեսության խթանումը, տեխնիկական և միջին մասնագիտական կրթությունը, վերականգնվող էներգետիկան և էներգաարդյունավետությունը, համայնքային զարգացումը, հանրային կառավարումը, ինչպես նաև բնապահպանական ու սոցիալական ծրագրերը։
Բուշը նշել է, որ կողմերը համաձայնության են եկել նաև լրացուցիչ 120 միլիոն եվրոյի վարկի շուրջ, որը նախատեսված է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի՝ Caucasian Transmission Network նախագծի ամբողջական ֆինանսավորման համար։ Նրա գնահատմամբ՝ ծրագիրը կարևոր դեր ունի Հայաստանի տարածաշրջանային էներգետիկ ինտեգրման տեսանկյունից։
Դեսպանը կարևորել է նաև մասնավոր հատվածի դերը Հայաստանի տնտեսությունում՝ ընդգծելով, որ այն դիտարկվում է որպես երկրի տնտեսական հիմք։ Այդ շրջանակում Գերմանիան և Հայաստանի Կենտրոնական բանկը պայմանավորվել են Գերմանահայկական հիմնադրամ վարկային ծրագրի միջոցով ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր տրամադրել փոքր, միջին և միկրո ձեռնարկություններին, հատկապես՝ գյուղական համայնքներում։
Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 9-ին Երևանն ու Բեռլինը ստորագրել են երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ պարտավորվելով խորացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
Գերմանական միջազգային հարաբերությունների խորհրդի ծրագրի ղեկավար Շտեֆան Մայստերի գնահատմամբ՝ Եվրոպական միությունը մեծացնում է ուշադրությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազեցման ուղղությամբ։
