ՀայաստանՍոցիալական

Ի՞նչ նոր մանրամասներ են հայտնի TRIPP-ի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ TRIPP զարգացման ընկերության բաժնեմասերի օտարումը, նվիրումը կամ վաճառքը որևէ երկրի կամ ընկերության կողմից հնարավոր չէ առանց Հայաստանի համաձայնության։

TRIPP զարգացման ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանում է ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ Հայաստանին։ Փաստաթղթով սահմանված է, որ ընկերությունը ենթակառուցվածքների զարգացման և իրականացման գործում Հայաստանի վերահսկողության ներքո է, և բաժնեմասերի որևէ փոփոխություն հնարավոր չէ առանց Հայաստանի կողմի հաստատման։

Միրզոյանի խոսքով՝ TRIPP նախագիծը բազմաշերտ տնտեսական մեգանախագիծ է։ Առաջին շերտը Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապում է աշխարհին, երրորդ երկրներին, այսինքն՝ կարող է արտահանել ու ներմուծել: Նաև Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվում է Հայաստանին ևս, այսինքն՝ Նախիջևանի տարածքով Երասխից կարող է գնալ Մեղրի:

Երկրորդ շերտը՝ աշխարհը, երրորդ երկրները Հայաստանի տարածքով կապվում են երրորդ երկրների հետ: Օրինակ՝ Կենտրոնական Ասիայի երկիրը ԵՄ երկրի հետ [կարող է կապվել] Հայաստանի տարածքով:

Երրորդ շերտը, այո՛, Ադրբեջանն է Հայաստանի տարածքով կապվում և՛ երրորդ երկրներին, և՛ Ադրբեջան-Նախիջևան կապն է հաստատվում: Այսինքն՝ սա փոխկապակցվածության մեգանախագիծ է:

Հունվարի 13-ին Վաշինգտոնում ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ՝ ներկայացնելու TRIPP նախագծի իրականացման շրջանակը։ Ծրագիրը նպատակ ունի ստեղծել մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածություն Հայաստանի տարածքով՝ բարելավելով տարածաշրջանային առևտրային ուղիները, կապելով Ադրբեջանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և ընդլայնելով առևտրային հնարավորությունները Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա։