Ելփին բնակավայրում բացվեց առաջին մանկապարտեզը
Փետրվարի 2-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում տեղի ունեցավ առաջին մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, համայնքային և պետական պաշտոնատար անձինք, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև բնակիչներ և հյուրեր։
Մանկապարտեզը կառուցվել է Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարության 80% և Արենի համայնքապետարանի 20% համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 374 միլիոն 575 հազար դրամ։
Նշվում է, որ մանկապարտեզը կառուցվել է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան և ունի հարմարավետ պայմաններում մինչև 60 սանի նախադպրոցական կրթություն ապահովելու հնարավորություն։
Ներկայումս հաստատությունում երկու խմբով անվճար նախադպրոցական կրթություն և դաստիարակություն կստանա 31 երեխա։ Շենքը հագեցած է անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։
