ՀայաստանՔաղաքականություն

Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնար է․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացների մասին և հայտարարել, որ գործընթացը շարունակվում է։ Նա նշել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկվել են առաջարկներ՝ կապված ապաշրջափակման հետ։ Սակայն կոնկրետ առաջարկների մասին տեղեկություններ չտրամադրվեց։

Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ցանկացած հարց շարունակում է Հայաստանի համար կարմիր գիծ մնալ։

Սահմանազատման հարցերով հանձնաժողովների նոր հանդիպումների վերաբերյալ, Մհեր Գրիգորյանի խոսքով, դեռ պայմանավորվածություն չկա։ Սակայն նա հիշեցրել է, որ կանոնակարգի քննարկման ու հաստատման փուլերում խոսել են կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո հանդիպումները և աշխատանքները շարունակելու մասին։

Թե Տավուշից հետո որ մարզում կշարունակվեն սահմանազատման աշխատանքները, Մհեր Գրիգորյանը մանրամասներ չհրապարակեց։ Սակայն նա նախկինում հայտարարել էր, որ Տավուշը ամենաբարդ գոտին է եղել իրենց համար՝ սահմանազատման գործընթացում։

Վերջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի միջև տեղի էր ունեցել 2024 թվականի նոյեմբերի 1-ին՝ երկու երկրների սահմանին։