Ապօրինի պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի
Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 7 վայրի կենդանիներ տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի: Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Փետրվարի 3-ին Տեսչական մարմնի և «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, թույլտվություն չունենալու հիմքով, ռեստորանային համալիրից վերցրել են 7 կենդանու, որոնց թվում նաև կան ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակներ։ Մասնավորապես՝ Լուսան՝ 1 առանձնյակ, սպիտակագլուխ անգղ՝ 2 առանձնյակ, գեղանի կռունկ՝ 2 առանձնյակ, Ալեքսանդրիայի թութակ՝ 1 առանձնյակ, կռամեռի վզնոցակիր թութակ՝ 1 առանձնյակ։
Կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի տակ:
ԲԸՏՄ-ն հիշեցնում է, որ վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է միայն լիազոր մարմնի կողմից տրամադրված համապատասխան թույլտվության առկայության դեպքում:

