Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին։

Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Աշոցքում մարզվում են Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, ինչպես նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը նախարարին ներկայացրել է մարզումների մանրամասները, մարզիկների առօրյան։

Նախարարն ընդգծել է, որ Օլիմպիական խաղերին մասնակցություն արդեն իսկ մեծ ձեռքբերում է և անգնահատելի փորձառություն է մարզիկների համար, իսկ նրանց օրինակը ոգեշնչում է դպրոցականներին զբաղվելու դահուկային սպորտով:

Քննարկվել են նաև ձմեռային մարզաձևերի զարգացման հնարավորությունները, դպրոցահասակ երեխաների շրջանում նոր խմբերի ձևավորման հեռանկարները և պետության հնարավոր աջակցությունը այս ուղղությամբ:

Մարինա Գրիգորյան