«Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել

Երևանում «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ պնդելով, որ իրենց ստիպում են ազատել զբաղեցրած տաղավարները։

Ակցիայի մասնակիցները հավաքվել են տոնավաճառի մուտքի մոտ։ Նրանց խոսքով՝ տարիներ շարունակ նույն վայրում աշխատել են վարձակալության պայմանագրով, հիմա իրենց առաջարկում են թողնել ու գնալ այլ տեղ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրանց առաջարկվել են տարածքներ «Երևան» տոնավաճառում։ Աշխատակիցները, սակայն, հրաժարվում են։

Նրանցից մեկը նշեց, որ շուրջ 30 տարի գործունեություն են ծավալել տոնավաճառում և ցանկանում են շարունակել աշխատանքը նույն վայրում՝ վերանորոգումից հետո։ Նրանք պահանջում են, որ տաղավարները կրկին տրամադրվեն իրենց՝ թեկուզ ավելի բարձր վարձավճարի պայմանով։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ բազմաթիվ աշխատակիցներ ունեն վարկային պարտավորություններ և գործազրկության վտանգի առաջ են կանգնած։

Որոշ վաճառականներ ներկայացրել են իրենց վարձակալության պայմանագրերը՝ նշելով, որ դրանք գործում են մինչև 2030 թվականը, և, իրենց պնդմամբ, պայմանագրով նախատեսված չէ միակողմանի լուծարում տոնավաճառի կողմից։

Ակցիայի ընթացքում կազմակերպվել է նաև ստորագրահավաք՝ վերանորոգումից հետո նույն վաճառականներին տաղավարներ տրամադրելու և ապրանքների իրացման համար լրացուցիչ ժամանակ տալու պահանջով։

Հարկ է նշել, որ «Ռոսիա» տոնավաճառը պատկանում է Խաչատուր Սուքիասյանին։