ՆԳՆ-ն հորդորում է չհրապարակել երեխաներին վերաբերող հուզական տեսանյութեր
Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է ծնողներին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ երեխաների մասնակցությամբ տեսանյութերի հրապարակումից, որոնք կարող են վնասել նրանց հուզական վիճակը և խաթարել իրավունքները։
Վերջին շրջանում համացանցում տարածում են գտնում այնպիսի թրենդային տեսանյութեր, որտեղ մեծահասակները, հիմնականում ծնողները, երեխաների համար լացի կամ այլ հուզական իրավիճակ են առաջացնում, այնուհետև դրանք հրապարակում են դիտումների, հանրային կարեկցանքի կամ շահույթ ստանալու ակնկալիքով։
ՆԳՆ ոստիկանությունը ընդգծում է, որ թվային միջավայրի զարգացումը չպետք է օգտագործվի ի վնաս երեխաների, իսկ երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելը բոլորի պատասխանատվությունն է։

