ՀայաստանՍոցիալական

Հասարակական տրանսպորտում կավելացվեն վճարման համար նախատեսված սարքերը

Նոյեմբերի 1-ից արդեն հասարակական տրանսպորտում վարորդները մարդկանցից գումար չեն վերցնում։ Գործում են QR տոմսերի և 100 դրամանոց վճարումներ իրականացնելու տարբերակները։ Սկզբնական շրջանում՝ քաղաքացիների արձագանքը բուռն էր։ Տարբեր հարթակներում հանրային տրանսպորտից օգտվողները իրենց դժգոհությունն էին արտահայտում։ Այնուամենայնիվ՝ հիմա արդեն դժգոհությունների ալիքը թուլացել է։

Քաղաքացիների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում հավաքված հարցերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ քաղաքապետարանից։ Էլեկտրոնային հարցման պատասխանի մեջ նշված էին միայն ուղարկված հարցերի որոշ կիսատ պատասխանները։

Ինչպես նշված էր հաղորդագրության մեջ՝ համակարգի վերջնական ներդրումից և ադապտացման փուլ անցնելուց հետո ավտոբուսներից հանվելու են կանխիկով վճարման սարքավորումները։ Կանխիկ եղանակով տոմս գնելու համար քաղաքացիները պետք է օգտվեն քաղաքի տարբեր անկյուններում տեղադրված շուրջ 2000 տերմինալներից և Երևանի մետրոպոլիտենից։ Վճարումները ավելի հեշտացնելու նատակով ամեն մուտքի մոտ նախատեսվում է ավելացնել մեկ վալիդատոր։

Նոյեմբերի 1-ի օրենքից հետո քաղաքացիները բողոքում էին տարբեր ուղղություններով․ չէին աշխատում վալիդատորները, Telcell համահակարգը դժվարություններ էր առաջացնում՝ թե՛ հավելվածից, թե՛ տերմինալից օգտվելիս։ Որոշ մարդկանց մոտ անհետանում էին օնլայն գնված տոմսերը, որոշներն էլ չէին կարողանում միանգամից մի քանի տոմս գնել։ Բացի այդ՝ ծրագիրը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում նաև, քանի որ աշխատում է միայն ինտերնետի առկայության դեպքում։ Օնլայն տոմս չեն կարող գնել նաև դպրոցականները, որովհետև նրանք չեն կարող գրանցվել հավելվածում՝ անչափահաս լինելու պատճառով։

Այնուամենայնիվ, նախապատրաստական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականը։ Հունվարի 1-ից արդեն կներդրվի միասնական տոմսային համակարգը։