Ջերմուկում կասեցվել է խմելու ջրի արտադրամասի գործունեությունը
ՍԱՏՄ փոխանցմամբ՝ կասեցվել է «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով։
Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են վերահսկողական միջոցառումներ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գործող արտադրամասում, որտեղ արձանագրվել են հետևյալ խախտումները. պահեստային հատվածի և արտադրամասի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով, որոշ հատվածներում առկա է եղել խոնավություն և բորբոս, առաստաղը չի գտնվել պատշաճ վիճակում, ինչի հետևանքով չի բացառվել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու վտանգը, ինչպես նաև բացակայել է առանձնացված տարածք լվացող և ախտահանող նյութերի, աշխատանքային գործիքների ու պարագաների համար։
Տեսչական մարմնի որոշմամբ՝ արտադրամասի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։ Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները և արտադրական տարածքը համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին։

