Երևանի որոշ վարչական շրջաններում դեռ կան փոսալցման խնդիրներ․ ի՞նչ է հայտնի

Երևանում շարունակվում են փոսալցման աշխատանքները։ Փետրվարի 23-ի տվյալներով՝ մայրաքաղաքում արդեն վերականգնվել է մոտ 13 հազար քառակուսի մետր ասֆալտբետոնե ծածկույթ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

Նրա խոսքով՝ ժամանակավոր լուծում է տրվել նաև մոտ 320 փոսի համար, որոնք գույքագրված են հետագայում համալիր վերականգնման նպատակով։

Միևնույն ժամանակ Տիգրան Ավինյանը դատապարտել է առանց բիտումի փոսալցման փորձ իրականացրած շինարարական ընկերությունների վարքագիծը և հանձնարարել ուժեղացնել վերահսկողությունը այդ ուղղությամբ։

Ավելի վաղ ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր արձանագրում էին, որ Երևանի մի շարք հասցեներում փոսալցումներ իրականացվում են առանց բիտումի։

Դրանից հետո Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նման իրավիճակների ականատես են եղել և բերեց Վարդանանց փողոցի օրինակը։