Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացները
Կառավարության հերթական նիստում քննարկվել է քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացների թվայնացման հարցը։
Հավանության են արժանացել «ՀՀ քաղաքացիության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը։
Նախագծով նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները՝ ստեղծելով փաստաթղթերը նախապես էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորություն։ Այդ դեպքում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, որից հետո միայն դիմումատուն հնարավորություն է ստանալու հերթագրվել և փաստաթղթերն անձամբ ներկայացնել համապատասխան մարմնին։
Նաև առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը՝ 1․000 դրամի և 25․000 դրամի փոխարեն սահմանելով համապատասխանաբար 50․000 և 150․000 դրամ։