Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ձերբակալելու որոշում է կայացվել
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանցավոր ճանապարհով 2012 թվականին ձեռք է բերել Սև բերդ պատմամշակութային ամրոցի հարակից հողերը։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և երկու դրվագով խոշոր չափի փողերի լվացման համար։ Մեղադրանք է ներկայացվել ևս 4 անձի՝ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի, Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի, Սիրական Մկոյանի և նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի նկատմամբ։
2006 թվականի ընդունված որոշման համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող և հատուկ պահպանվող տարածքները օտարման ենթակա չեն։ Սակայն Սամվել Բալասանյանին հաջողվել է ձեռք բերել այդ ցուցակում գտնվող Սև բերդ ամրոցի հողատարածքները։ Դրանք անհատույց օգտագործման իրավունքով տրված է եղել պաշտպանության նախարարությանը։ Սամվել Բալասանյանը փողքաղաքապետ Սուրեն Ջանոյանի միջոցով ձեռք է բերել այդ հողերը, որից այդ ժամանակ փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնած Ռուբեն Սանոյանը կեղծ տեղեկանք է պատրաստել հողերի՝ պետական սեփականություն չլինելու մասին։ Արդեն մեկ տարի անց Ջանոյանը այդ հողատարածքը ձևական կերպով վաճառել է Խաչատուր Բալասանյանին։
2019 թվականին ձևական աճուրդի արդյունքում Սև բերդի հողատարածքներից մեկը նույնպես մասերի է բաժանվել և դարձել Սիրական Մկոյանի սեփականությունը։ Տվյալ տարածքը երկու ամիս անց կրկին նույն կերպով վաճառվել է Խաչատուր Բալասանյանին։
Օրեր առաջ Խաչատուր Բալասանյանը, Սուրեն Ջանոյանը և Սիրական Մկոյանը ձերբակալվել են։ Դատարանի որոշմամբ՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընրվել 70 մլն դրամի չափով գրավը և տնային կալանքը, իսկ Սուրեն Ջանոյանի և Սիրական Մկոյանի նկատմամբ՝ 20 մլն դրամի չափով գրավն ու տնային կալանքը։ Ռուբեն Սանոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։
Կայացվել է նաև Սամվել Բալասանյանին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու որոշում։ Վերջինս Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է շուրջ 10 տարի (2012-2022 թվականներ)։ Այժմ նա գտնվում է Ամերիկայում։