Ե՞րբ կավարտվեն աղի և ավազի մնացորդների մաքրման աշխատանքները
Երևանում ձնամաքրման աշխատանքներից հետո փողոցներում մնացած աղի ու ավազի մնացորդների մաքրման աշխատանքները կավարտվեն այս շաբաթ։ Այս մասին հայտարարեց «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի (ԵԱՍՄ) տնօրեն Սաշա Կատվալյանը փետրվարի 23-ի գործակարգավարական նիստի ընթացքում։
Նրա խոսքով՝ փողոցների մաքրումը որոշ չափով դանդաղում է, քանի որ կուտակված շերտը հաստ և կոշտացած է և որոշ տարածքներ հնարավոր է մաքրել միայն տրակտորով և բահով։ Մաքրման ավարտից հետո տարածքները կարգի են բերվում փոշեկուլ և ջրցան մեքենաներով։
Նախորդ շաբաթ ԵԱՍՄ հիմնարկը օգտագործել է մոտ 70 միավոր տեխնիկա, վարչական շրջաններից տրամադրվել են 78 միավոր տրակտոր և ինքնաթափ։ Կատվալյանը նշեց, որ աշխատանքների մոտ 70 տոկոսը արդեն իրականացված է և նախատեսվում է գործընթացը ավարտել այս շաբաթ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերահաստատեց ժամկետները և հետաքրքրվեց, թե արդյոք բոլոր վարչական շրջանները տրամադրել են անհրաժեշտ տեխնիկա, ինչին Կատվալյանը պատասխանեց՝ «գրեթե բոլորն են»։

