Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են արվել
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև համապատասխան օրենքում փոփոխություն նախատեսող օրենքների փաթեթը։
Փոփոխություններով նախատեսվում է հետաձգել աշխատանքային պայմանագրերի կնքման, փոփոխման և լուծման բացառապես թվային համակարգով իրականացնելու պարտադիր պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը։ Եթե այն նախատեսված էր 2026 թվականի հունվարի 1-ից, ապա այժմ այդ պահանջը կգործի 2027 թվականի հուլիսի 1-ից։
Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը թվային համակարգի կիրառումը կկրի կամավոր բնույթ։ Միաժամանակ հստակեցվել է, որ թվային եղանակով կնքված աշխատանքային պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամանները կունենան լիարժեք իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, ըստ որի՝ ժամկետի երկարաձգման փոփոխությունները կտարածվեն նաև 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա։
Բացի այդ՝ գործող աշխատանքային պայմանագրերը թվային համակարգ մուտքագրելու վերջնաժամկետը, որը սահմանված էր մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, երկարաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Օրենսդրական փոփոխություններով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու, եթե աշխատանքը կատարվում է ՀՀ-ից դուրս։
Առանձին կարգավորումներ են սահմանվել նաև ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների և ապաստան հայցողների համար։ Նրանց դեպքում 2027 թվականի հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում պայմանագրերը սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։

