Որքա՞ն կավելանա կենսաթոշակը
Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը այլ մանրամասներ է հայտնել բարձրացման վերաբերյալ։
Նախարարի խոսքով՝ հիմնական կենսաթոշակը, որը կազմում է 24 000 դրամ, դառնալու է 34 000 դրամ։ Այսինքն` բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24 000 դրամը ներառյալ, այսուհետև հաշվարկվելու են 34 000 դրամով, հետևաբար բոլորի կենսաթոշակները բարձրանալու են 10 000 դրամով։
Բարձրանալու է նաև նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36 000 դրամ է, հետևաբար այն դառնալու է 46 000 դրամ։ Դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը։ Դա այն կենսաթոշակն է, որը վճարվում է քաղաքացիներին, որոնք բավարար աշխատանքային ստաժ չունեն
10 000 դրամով կավելանան նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները։ Առաջին, երկրորդ և երրորդ խմբերի, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց վճարները համապատասխանաբար 36 000, 37 500 և 39 000 դրամից կդառնան 46 000, 47 500 և 49 000 դրամ։
Զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակների դեպքում բարձրացումը տարբեր կլինի․ միջինը կկազմի մոտ 8 000 դրամ, սակայն որոշ դեպքերում կարող է հասնել 10 000 կամ 15 000 դրամի։ Նախարարի տվյալներով՝ այդ կենսաթոշակների միջին չափը մոտ 100 000 դրամ է։
Կավելանան նաև կերակրողին կորցնելու կենսաթոշակները։ Ապրիլի 1-ից վճարումները կիրականացվեն նոր չափերով՝ պահպանելով հետվճարի 20 տոկոսի մեխանիզմը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին նախարար Թորոսյանը հայտարարել էր, թե այդ պահին կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ և շեշտել էր հետվճարի ծրագրի արդյունավետությունը՝ նշելով, որ դրանից օգտվում է շուրջ 350 000 քաղաքացի։ Նա նշել էր, որ երկրի ֆիսկալ հնարավորությունները սահմանափակ են, և ավելորդ բեռը բյուջեի վրա կարող է բացասաբար ազդել ոչ միայն կենսաթոշակառուների, այլև ողջ հասարակության վրա։

