Սեպտեմբերից վարորդները կունենան թվային վարորդական վկայականներ
Հայաստանի վարորդները շուտով կկարողանան օգտվել թվային վարորդական վկայականներից։ Նոր կարգով, սկսած 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, պլաստիկ քարտը վարելիս հետը չունենալը վարչական պատասխանատվություն չի առաջացնի, եթե անձը ներկայացնի դրա թվային տարբերակը։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ թվայնացումը վարորդներին հնարավորություն կտա վկայականն ունենալ նաև էլեկտրոնային հարթակում։ Ըստ նրա՝ այն լիովին իրավաչափ է Հայաստանի տարածքում։
Խնդիրներ չեն առաջանա պարեկային ծառայության աշխատակիցների հետ նույնպես։ Պարեկային ծառայությունն արդեն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Նրանք կարող են վարորդի տվյալները նույնականացնել դեմքի միջոցով և անհրաժեշտ բոլոր տվյալները ստանալ պլանշետներում։
Արփինե Սարգսյանը հավելել է, որ ապագայում նախատեսվում է նաև բոնուսային համակարգ այն քաղաքացիների համար, ովքեր կօգտվեն թվային տարբերակներից տարբեր ծառայություններ ստանալիս։ Որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 15-ի նիստում։ Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի մեկ այլ կարգ ևս․ վարորդական քննությունից կտրված անձինք ավելի արագ վերահանձնելու միջոց կունենան՝ վճարելով լրացուցիչ գումար։