Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահի հետ քննարկվել է հայ գերիների հարցը
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ արտգործնախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը հետհակամարտային վերականգնման և հաշտեցման համատեքստում ընդգծել են հումանիտար բոլոր հարցերի հասցեագրման կարևորությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Բաքվում պահվող հայ անձանց խնդրին, անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանմանը և բռնի անհետացումների դեպքերի բացահայտմանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդում խոսել է Բաքվում պահվող գերիների և անհետ կարածների ճակատագրի մասին։ Ելույթում նա մասնավարապես նշել է, որ տասնամյակներ տևած զինված հակամարտություններից և մարդասիրական ճգնաժամերից հետո Հայաստանը և Ադրբեջանը վճռական քայլեր ձեռնարկեցին մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ։
Սա, անշուշտ, բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում, առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն, և միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին հրապարակվել էին Բաքվում կայացված դատավճիռները։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նրա նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական անձանցից Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվել է առանձին վարույթով, և փետրվարի 17-ին նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

