2026-ին սոցփաթեթների տրամադրման կարգը վերանայվել է
2026 թվականին սոցիալական փաթեթների ֆինանսավորումը կկատարվի վերանայված կարգով։ ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել համապատասխան որոշման մեջ՝ սահմանելով պետական բյուջեով նախատեսված միջոցների բաշխման նոր մոտեցում։ Որոշման մեջ կատարված փոփոխությամբ նախատեսվում է ապահովել հանրային հատվածի աշխատողների առողջապահական և հանգստի կարիքների ֆինանսավորումը։
Նախագծի համաձայն՝ ծրագիրը կընդգրկի ավելի քան 133 հազար շահառուի, իսկ ընդհանուր բյուջեն կկազմի 9,6 միլիարդ դրամ։ ումարները կտրամադրվեն հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների աշխատակիցներին։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ հաշվարկների հիմքում դրվել են ոչ թե գերատեսչությունների ներկայացրած նախնական հայտերը, որոնք կազմում էին շուրջ 11 միլիարդ դրամ, այլ նախորդ տարվա փաստացի ծախսերը։ Կառավարությունը նշում է, որ այս մոտեցումը նպատակ ունի խնայել բյուջետային միջոցները և բացառել թափուր հաստիքների համար ֆինանսավորում նախատեսելու պրակտիկան։
Փոփոխություններում ներառված չեն Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների և Մետրոպոլիտենի աշխատակիցների սոցիալական փաթեթի գումարները։
Կառավարությունը հավաստիացնում է, որ տարվա ընթացքում թափուր հաստիքների համալրման կամ կառուցվածքային փոփոխությունների դեպքում ֆինանսավորման պակաս չի առաջանա, և անհրաժեշտ վերաբաշխումներ կկատարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Հարկ է նշել, որ սոցիալական փաթեթը տրամադրվում է պետական և համայնքային համակարգում աշխատող մի շարք խմբերի։ Այն ստանում են հանրակրթական դպրոցների ուսուցիչներն ու վարչական աշխատակիցները, պետական և համայնքային հիմնարկների աշխատողները, քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և սոցիալական, մշակութային ու առողջապահական ոլորտների այն աշխատակիցները, որոնք ընդգրկված են կառավարության սահմանած ցանկում։

