Հայաստանում կխստացվեն մեքենաների գազաբալոնների ստուգման պահանջները

Հայաստանում կխստացվի ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջը: Այսօր կառավարությունն ընդունել է որոշումը: Այժմ գազաբալոնները պարտադիր կստուգվեն մասնագիտացված լաբորատորիաներում և կսերտիֆիկացվեն։ Ստուգման գործընթացը ձայնագրվելու է։ Լաբորատորիաները պարտավորվում են առնվազն կես տարի պահպանել ձայնագրությունները՝ իրավապահների ստուգման համար։

Ըստ նախագծի հիմնավորման՝ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է գազաբալոնով ավտոմեքենաների 5 պայթյուն, ինչը հանգեցրել է անվտանգության կանոնների խստացման անհրաժեշտության։ Ըստ գործող օրենքի, գազով լիցքավորվող ավտոմեքենաների սեփականատերերը պետք է երկու տարին մեկ անցնեն բալոնների լաբորատոր ստուգում։ Գազալցակայաններին արգելվում է սպասարկել այն մեքենաները, որոնք չեն անցել ստուգումը։

Թեև տեսականորեն ստուգումների և սերտիֆիկացման վերահսկողությունը ենթակա է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, գործնականում այս գործընթացը մինչ այժմ չի իրականացվել: