Սպիտակի ոլորանները փակ են․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Վերին Լարսում

Փետրվարի 26-ին առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Միաժամանակ նշվում է, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Դիլիջանի, Սպիտակի, Տաշիրի, Անիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Տավուշի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Թալինի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։

Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Դիլիջանի ոլորաններում էլ խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։

Վերին Լարս անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել էին, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: