Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով շարժվում է Հայաստան

Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը երկաթուղային ճանապարհով ուղարկվել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Բեռնափոխադրման շրջանակում Երևան է ուղարկվել յոթ վագոնից բաղկացած գնացք, որը տեղափոխում է շուրջ 488 տոննա հացահատիկ։

Բեռը դուրս է եկել Ադրբեջանի Բալաջարայի երկաթուղային կայարանից և նախատեսված երթուղով անցնում է Վրաստանի սահմանով՝ Բեյուկ-Քյասիկ կայարանի միջոցով՝ ուղղություն վերցնելով դեպի Հայաստան։

Փետրվարի 4-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր տեղափոխվել 560 տոննա ռուսական հացահատիկ։

Բացի այդ, 2025 թվականի նոյեմբերին 35 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Ռուսաստանի տարածքից Ադրբեջանով և Վրաստանով դեպի Հայաստան իրականացվել էր ուղիղ երկաթուղային բեռնափոխադրում։ Այդ ժամանակ Հայաստան էր ուղարկվել 1050 տոննա ռուսական ցորեն։

Այդ խմբաքանակը նոյեմբերի 5-ի երեկոյան հասել էր «Այրում» սահմանային երկաթուղային կայարան, իսկ նոյեմբերի 8-ին նույն երթուղով Հայաստան էր հասել նաև ղազախական ցորենի բեռը։

Նշվում է, որ նմանատիպ փոխադրումների շրջանակը կարող է ընդլայնվել, և հետագայում հնարավոր է կազմակերպվեն նաև այլ ապրանքների տարանցիկ բեռնափոխադրումներ նույն երթուղով։