195 անհայտ կորած կա, 175-ը՝ զինծառայող
Պաշտոնական տվյալներով՝ անհայտ կորած է համարվում 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, իսկ մյուսները՝ խաղաղ բնակիչներ։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարի խոսքով՝ նույնականացված դիակների մի մասի դեպքում առաջացել են տարաձայնություններ ընտանիքների հետ։ Մասնավորապես, 75-80 դիակների նույնականացման արդյունքները հարազատների կողմից չեն ընդունվել։ Սակայն, ինչպես ընդգծեց Գալյանը, իրականացվել են կրկնակի փորձաքննություններ՝ հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված մասնագետների և համապատասխան տեխնիկական միջոցների ներգրավմամբ։
Անդրադառնալով այն պնդումներին, թե պետությունը բավարար աջակցություն չի ցուցաբերում անհայտ կորածների ընտանիքներին, նախարարն ընդգծել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ ընտանիքները յուրաքանչյուր ամիս ստանում են պետական աջակցություն, որը ներառում է ինչպես ֆինանսական, այնպես էլ սոցիալական բաղադրիչներ։

