Տիգրան Ավինյանը հանդիպել է Կոնդի բնակիչների հետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Կոնդ թաղամասի բնակիչների հետ՝ սեփականության իրավունքներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Քաղաքապետի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տներին հարակից հողամասերի, այդ թվում՝ բակային տարածքներում գտնվող ու բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ բնակիչների իրավունքների վերականգնման հարցերը։
Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի նպատակն է կառուցապատման ծրագիր իրականացնելու դեպքում բացառել կառուցապատողի կամ ձեռքբերողի կողմից սեփականության իրավունքների խախտման հնարավոր դեպքերը։ Նրա խոսքով՝ Կոնդի բնակիչները տասնամյակներ շարունակ բախվել են սեփականության իրավունքին վերաբերող տարաբնույթ խնդիրների։
Քաղաքապետի ներկայացմամբ՝ թաղամասում գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր, որոնց նկատմամբ իրավունքների վերականգնման կամ օրինականացման համար արդեն ստացվել է ավելի քան 670 դիմում։
Հիշեցնենք, որ Կոնդ թաղամասի վերակառուցման համար մրցույթ է հայտարարվել դեռևս 2021 թվականին։ 2024 թվականի փետրվարի 26-ին Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման։
Փետրվարի 28-ին հայտարարվել էր նաև, որ թաղամասի բնակիչները իրենց տների սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնումից հետո սեփականության նոր վկայական ստանալու համար պետք է վճարեն սահմանված կադաստրային արժեքի 2 տոկոսը։ Նշվել էր, որ կադաստրային արժեքը, ըստ գոտիավորման, կազմելու է 139 հազար և 214 հազար դրամ։

