9 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոխանցում է, որ փորձագիտական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու, ինչպես նաև մի շարք հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։
Հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելու չափորոշիչներին համապատասխան, նորահայտ հուշարձանի կարգավիճակ է շնորհվել 9 պատմամշակութային կառույցի։
Մասնավորապես, տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ. Մաշտոցի պողոտա 10 հասցեում գտնվող բնակելի շենքը (1956 թ.), Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փողոց 3 հասցեի հարթաքանդակը (20-րդ դար), Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշակոթողը (20-րդ դար), Սյունիքի մարզի Լիճք գյուղի երկու կամուրջները (17-րդ դար) և Տավուշի մարզի Իծաքար գյուղի «Հայրենիք» հուշակոթողը (1984 թ.)։
Միաժամանակ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի ժայռապատկերների համալիրը և դամբարանադաշտը (մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներ), ինչպես նաև Տավուշի մարզի Ենոքավան գյուղի «Ենոքավան-1» և «Ենոքավան-2» քարայր-կացարանները, որոնք ընդգրկում են տարբեր ժամանակաշրջաններ՝ մեզոլիթից և նեոլիթից մինչև միջին դարեր։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև մի շարք հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը, այդ թվում՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանոցի (13-20-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցու (7-րդ դար), Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի շենքի (1948 թ.), Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի «Ձոր» գյուղատեղիի («Մանուշակաձոր»), Լոռու մարզի Աթան գյուղի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշաղբյուրի և հուշակոթողի, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Սուրբ Աստվածածին (Մաշտոց Հայրապետ) եկեղեցու, ինչպես նաև Սյունիքի մարզի Ալվանք գյուղի Աղավնաձոր գյուղատեղիի պահպանական գոտիների նախագծերը։
Ընդունելի ճանաչված նախագծերը սահմանված կարգով կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

