Դիվանագետը ներկա է եղել ԱՄԷ-Օման սահմանին

Մերձավոր Արևելքում զարգացումների ֆոնին ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում՝ նպաստելով ՀՀ քաղաքացիների հնարավոր վերադարձին Հայաստան։

Հաղորդվում է, որ դեսպանության դիվանագետը ներկա է գտնվել ԱՄԷ-Օման սահմանին՝ նպատակ ունենալով դյուրացնել ՀՀ քաղաքացիների մուտքը Օման։ Բացի այդ՝ Մասկատի օդանավակայանում դեսպանության ներկայացուցիչը քաղաքացիներին ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն և ուղեցույցներ։

Բացի Մասկատ-Երևան չվերթներով վերադարձող քաղաքացիներից՝ ռազմական գործողությունների սկսվելու պահին Օմանում գտնվող երեք ՀՀ քաղաքացի արդեն վերադարձել է Հայաստան։

Այս պահին Օմանում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ևս հինգ ՀՀ քաղաքացի․ նրանցից երկուսը Մասկատ են ժամանել Հեռավոր Արևելքի երկրից «Qatar Airways» ավիաընկերության չվերթով, իսկ երեքը գտնվում են Սալալա քաղաքում։

Նշվում է, որ ավիաընկերությունների կողմից ապահովված են քաղաքացիների կեցության պայմանները, իսկ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը քննարկում է նրանց Հայաստան մեկնելու հնարավոր տարբերակները։

Մարինա Գրիգորյան