Վիետնամում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպվում է

Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, որը համատեղության կարգով պատասխանատու է նաև Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում գտնվող ՀՀ քաղաքացիների հարցերով, այս պահին կապի մեջ է Հայաստանի Հանրապետության 12 քաղաքացիների հետ։

Դեսպանության հաղորդմամբ՝ նրանցից 4-ը մարտի 7-ին կմեկնեն Հոշիմին-Գուանչժոու-Ալմաթի-Թբիլիսի երթուղով իրականացվող չվերթով։ Այնուհետև նրանք Թբիլիսիից ավտոմեքենաներով կվերադառնան Երևան։

Եվս 7 ՀՀ քաղաքացի նախատեսում է Հայաստան վերադառնալ մարտի 9-ին՝ Հոշիմին-Ուրումչի-Երևան երթուղով։

ԱԳՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն։

Դեսպանությունը քաղաքացիների հետ գտնվում է մշտական կապի մեջ և շարունակում է աջակցություն ցուցաբերել նրանց վերադարձի կազմակերպման հարցում։

Մարինա Գրիգորյան