Նույնականացման քարտերի տպագրությունն արդեն մեկնարկել է. նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է IN Groupe & Corporación América կոնսորցիումի պատվիրակությանը՝ «ՀայՓասի» տնօրենների խորհրդի նախագահ Դունիա Էլ Հասնաուի գլխավորությամբ։
Ներկայացվել է կենսաչափական համակարգի ներդրման համալիր ճանապարհային քարտեզը, որը ներառում է ինստիտուցիոնալ բարեփոխումներ հաջորդական փուլերով։ Նախարարը կարևորել է ծրագրերի ժամանակին և հաջող իրականացումը՝ որպես ապագա փոխգործակցության ամուր հիմք։
Քննարկվել է ծրագրի մեկնարկի ժամանակացույցը. սկզբնական փուլում նախատեսվում է միջազգային eIDAS ստանդարտին համապատասխան տվյալների կենտրոնի գործարկում, անձը հաստատող փաստաթղթերի դիմումների կառավարման ծրագրային ապահովում և քաղաքացիների համար նախագրանցման հարթակ։ Ծրագրի մեկնարկին կծառայեն նորարար լուծումներով կահավորված գրասենյակները, որոնք տեղակայվելու են Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Երևանի խիտ բնակեցված առևտրի կենտրոններում։ Նախատեսվում է գրասենյակների թիվը ծրագրի մեկնարկին հաջորդող ամիսներին ավելացնել մինչև 23-ը։
Խոսելով ծրագրի իրականացման մասին՝ նախարարը ընդգծել է որակական չափանիշների խստիվ պահպանման կարևորությունը՝ նշելով, որ սպասարկման ժամկետները չեն խոչընդոտի բարձր որակի ապահովմանը։ Նույնականացման քարտերի տպագրությունն արդեն մեկնարկել է, իսկ անձնագրերի մասսայական տպագրությունը նախանշվում է առաջիկայում։
Կողմերը քննարկել են կենսաչափական անձնագրերի կիրառությունը տարբեր սցենարներով և դրանց փոխգործունակությունը սահմանային կառավարման նորագույն համակարգերի հետ։ Եվրոպական չափանիշներին համապատասխանող համակարգի ներդրումը կարևոր քայլ կլինի նաև վիզաների ազատականացման գործընթացում։
Հիշեցնենք, որ 2025 թ. ապրիլին ՆԳ նախարարությունն ու «ՀայՓաս» ՓԲԸ-ն կնքել են պայմանագիր՝ ժամանակակից ազգային նույնականացման և կենսաչափական կառավարման ենթակառուցվածքի մշակման և ներդրման համար։ IN Groupe-ը համաշխարհային առաջատար է նույնականացման ոլորտում, իսկ Corporación América Group-ը՝ միջազգային բիզնես խումբ, որը Հայաստանում գործում է կարևոր տնտեսական ոլորտներում՝ օդանավակայաններից մինչև անշարժ գույք և ագրոբիզնես:

