ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի քայլերը թմրամիջոցների դեմ պայքարում

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 9–11-ը աշխատանքային այցով գտնվում է Վիեննայում՝ մասնակցելու ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին։ Նստաշրջանը նախագահում է Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։

Իր ելույթում Արմեն Ղազարյանը նշել է, որ թմրամիջոցների անօրինական արտադրությունն ու շրջանառությունը շարունակում են լուրջ սպառնալիք ներկայացնել հանրային առողջության և անվտանգության, ինչպես նաև պետության կայունության համար։

Նրա խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել միայն մեկ իրավապահ մարմնի կամ կազմակերպության շրջանակում, ուստի անհրաժեշտ է համատեղ և համակարգված միջազգային համագործակցություն։

«Որպես Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող երկիր՝ Հայաստանը գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իր հատուկ պատասխանատվությունը և կարևորում է միջազգային համագործակցության ընդլայնումը»,– նշել է ՆԳ նախարարի տեղակալը։

Արմեն Ղազարյանը նաև ընդգծել է, որ 2024 թվականին ՆԳ նախարարությունը լիարժեք կատարել է թմրամիջոցների դեմ պայքարում ստանձնած հանձնառությունները։ Նա հավելել է, որ այդ պայքարը պետք է լինի համապարփակ և մարդակենտրոն՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր վիճակագրական տվյալների հետևում կանգնած են իրական մարդիկ, որոնք կարիք ունեն աջակցության և բուժման հնարավորությունների։

Նա հիշեցրել է նաև, որ դեռևս 2019 թվականին Հայաստանի կառավարությունը ընդունել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն և գործողությունների ծրագիր։

Այցի շրջանակում Արմեն Ղազարյանը հանդիպումներ է ունեցել նաև ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով համագործակցության խորացման հնարավորությունները։

Մարինա Գրիգորյան