ԵՄ միգրացիայի հանձնակատարն առաջին անգամ Հայաստանում է
Մարտի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուննին:
Սա առաջին դեպքն է, երբ նման մակարդակի եվրոպական պաշտոնյա այցելում է Հայաստան, ինչը կարևոր նշանակություն ունի երկկողմ համագործակցության և արձանագրված առաջընթացի գնահատման համար:
ՆԳ նախարարն ընդգծել է, որ որպես Հայաստանի կողմից վիզաների ազատականացման գործընթացում գլխավոր բանակցող, նա լիովին հանձնառու է իրականացնել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP): Ծրագիրը նախատեսում է մի շարք քայլեր միգրացիայի, սահմանների կառավարման, իրավապահ մարմինների և արդարադատության ոլորտներում, որոնց իրականացման տարբեր փուլերը արդեն մեկնարկած են:
Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը համադրելի երկրների համեմատ կարճ ժամկետում ստացել է Գործողությունների ծրագիրը՝ ցուցադրելով արդյունավետության բարձր մակարդակ:
Հանձնակատար Մագնուս Բրուննը բարձր գնահատել է Հայաստանի ջանքերը՝ քաղաքացիների ազատ շարժունակությունը ԵՄ երկրներ ապահովելու ուղղությամբ, և ընդգծել, որ ներդրված ռեսուրսներն ու հաստատուն կամքը արդեն նկատելի և գնահատելի են:

