Քանի շուն է պատվաստվել կատաղության դեմ․ քաղաքապետարանից թվեր են ներկայացնում
Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվել են «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի 2025 թվականի գործունեության արդյունքները։
Այդ մասին զեկուցել է կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը։
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող կենդանի։ Նախնական զննությունից հետո կենդանիները պատվաստվել են վտանգավոր և վարակիչ հիվանդությունների դեմ։
Տարվա ընթացքում ստերջացվել և կատաղության դեմ պատվաստվել է 2703 շուն, ևս 671 կենդանի ստացել է վերապատվաստում։ Նույն ժամանակահատվածում քնեցված և անկած կենդանիների թիվը կազմել է 766։
Առաքելյանի խոսքով՝ կատաղություն հիվանդության կանխարգելմանն ուղղված աշխատանքներն ուժեղացվել են դեռևս 2022 թվականից, քանի որ հիվանդությունը վտանգավոր է ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց առողջության համար։
Այս համատեքստում հարկ է նշել, որ Հայաստանում 2025 թվականին` մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, գրանցվել է շների կողմից մարդկանց վնասման (կծելու) 7239 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 11 դեպքով։

