ՀԱԿ-ը հայտարարում է քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացիայի պատրաստակամության մասին
Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է համագումարում ընդունված իր բանաձևը։
Կոնգրեսի գնահատմամբ՝ 2020 թվականին սկսված պատերազմի հետևանքով Արցախը հայաթափվել է, Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը գտնվում է օկուպացիայի տակ, իսկ Ադրբեջանը շարունակում է հակահայկական քաղաքականությունը՝ միաժամանակ հրաժարվելով խաղաղության պայմանագիր ստորագրելուց և առաջ քաշելով Հայաստանի ներքին հարցերին վերաբերող պահանջներ։
Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին՝ նշելով, որ իրավիճակը բարդանում է Արևմուտք-Ռուսաստան հակամարտությամբ, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված լարվածությամբ։
ՀԱԿ-ը հայտարարում է, որ մասնակցելու է հունիսի 7-ին նախատեսվող ընտրություններին և իր քաղաքական գործունեությունը կառուցելու է մի շարք հիմնական սկզբունքների շուրջ։ Դրանք ներառում են կայուն խաղաղության հաստատումը, Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակության երկաթուղային հանգույցի ստեղծումը, հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականության վարումը, տեխնոլոգիական արդիականացումը, ազատ մրցակցության վրա հիմնված տնտեսության ձևավորումը, ինչպես նաև կառավարման համակարգի փոփոխությունը՝ նախագահական-խորհրդարանական մոդելի վերականգնմամբ։
Միաժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ նշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ է ազդեցիկ քաղաքական ուժերի համագործակցությունը։ Այդ նպատակով կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում սկսել քաղաքական կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ։
Նշվում է նաև, որ գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։

