Կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց աջակցություն ձեռնարկատիրության համար
Արցախից տեղահանված անձինք այժմ կարող են սկսել սեփական ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստանալով պետական աջակցություն։ Մեկնարկում է Արցախից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը, որի շրջանակում շահառուներին տրամադրվում է բիզնես ուսուցում, դրամաշնորհ և երկարաժամկետ ուղեկցող աջակցություն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է ծրագրի առավելություններին։ Մասնավորապես՝ ուսուցման ավարտին մշակված և դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերի իրականացման համար տրամադրվում է դրամաշնորհ՝ գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ը, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամ։ Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո դրամաշնորհի 50%-ը փոխանցվում է, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%։ Մնացած գումարը տրամադրվում է գործունեության մեկ տարին լրանալուց հետո։ Եթե ձեռնարկությունը 12 ամիսից հետո շարունակի գործել ևս 6 ամիս, և տարեկան շրջանառությունը կազմի 3,000,000 դրամ, տրամադրվում է նաև հիմնական միջոցների ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամ։
Դիմողները պետք է լինեն Արցախից տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու, հավաստագիր ստացած և իրացրած ընտանիքի անդամ։ Նրանք չպետք է հանդիսանան վարձու աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող անձ, չիրականացնեն անհատ ձեռնարկատիրական կամ նոտարի գործունեություն, չլինեն ուսանողներ առկա ուսուցմամբ, ժամկետային պարտադիր զինվորական ծառայողներ և վերջին 3 ամիսների ընթացքում հանդիսացած չլինեն հարկ վճարող աշխատող։
Ծրագիրը նպատակ ունի խթանելու տեղահանված անձանց տնտեսական ինքնավարությունը, աջակցելու նրանց կայուն և շահութաբեր բիզնես ստեղծելու գործում։

